Սագամար ՓԲԸ

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայր

Համառոտ տեղեկատվություն

Գտնվելու վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Արմանիսի շրջան:
Մասնաբաժինը` 100%:
Հանքային մարմնի ձևը` Օքսիդացված հանքաքար, սուլֆիդային հանքաքար:
Հանքավայրի շահագործումը` Բացահանք, ստորգետնյա հանք:
Պաշարներ` Մոտ 18 մլն տոննա (C1+C2), մետաղների միջին պարունակությունը` Au 0.9 գ/տ, Ag 10 գ/տ, Cu 0.9 %, Zn 2.2%, Pb 1.0 %:
Արտադրանք` Պղնձի, ցինկի, կապարի խտանյութեր:
Հանքավայրի շահագործման ժամկետը` 25 տարուց ավել:
Գործարանի հզորությունը` Տարեկան 500-600 հազ. տոննա, 2013թ.-ին` տարեկան մինչև 800 հազ. տոննա ավելացմամբ:
Անձնակազմի թվաքանակը` Մոտ 500 մարդ:
Ներդրումների ընդհանուր ծավալը` Մոտ 94 մլն ԱՄՆ դոլար:

Արմանիսի ԼՀԿ-ն Հայաստանի ամենաժամանակակից հարստացուցիչ գործարանն է` հագեցած համաշխարհային առաջատար արտադրողներից ձեռք բերված նորագույն սարքավորումներով, ամբողջ Անդրկովկասում իր տեսակի մեջ միակ լաբորատորիայով, ինչպես նաև կանադական և գերմանական արտադրության հատուկ նշանակության մաքրման կայաններով:

Արմանիսի հանքավայր

Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրի հետազոտությունը սկսվել է 1966 թվականին և շարունակվել մինչ 1990թ.: ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից պաշարները հաստատելուց հետո, 1990-2000թթ.  հանքավայրում աշխատանքներ չեն իրականացվել:

2007 թվականին սկսվեց հանքավայրի լրահետախուզությունը`բացահանքի հետագա մակաբացման աշխատանքների վարմամբ:

Բիզնեսի վերակառուցումից հետո` 2010 թվականին, «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվեցին Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերությանը:

Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Այն տեղակայված է Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հանքավայրը Ստեփանավան քաղաքի հետ կապված է 7.5 կմ-ոց ասֆալտապատ ճանապարհով: Տեղանքը լեռնոտ է` Բազումի լեռնաշղթայի ստորոտում գտնվելու պատճառով: Բացարձակ բարձրությունը  կենտրոնական հատվածում մոտ 1400-1620 մ է, իսկ ծայրամասերում` մինչև 1400 մ: Ջրային զանցը կազմում են Չքնաղ և Դեբեդ գետերը:

Հանքավայրի հաստատված պաշարները կազմում են մոտ 18 մլն տոննա (C1+C2)` մետաղների հետևյալ միջին պարունակությամբ.

Au Ag Cu Zn Pb
0.9 գ/տ 10գ/տ 0.9% 2.2% 1.0%

Արմանիսի 1.8 քառակուսի կմ տարածքով ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» ՓԲԸ-ին: Հանքավայրը շահագործվելու է համալիր եղանակով` բացահանք և ստորգետնյա հանք:

Հանքային կազմով և ձևավորման պայմաններով հանքավայրը պատկանում է բազմամետաղային ֆորմացիային` ոսկու և արծաթի հարաբերականորեն բարձր պարունակությամբ: Հետազոտական աշխատանքների արդյունքում հանքավայրում հայտնաբերվել է հանքաքարերի 3 բնական տեսակ` պղինձ-ոսկու, պղինձ-բազմամետաղային և ոսկի-բազմամետաղային, որոնք հանքավայրի ընդհանուր պաշարների համապատասխանաբար 16%, 34% և 50%-ն են կազմում:

Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկա

Շինարարության ընթացք Շինարարական աշխատանքների սկիզբ` 2008թ. մայիս:
Շինարարական աշխատանքների ավարտ` 2011թ. հուլիս:
Կառուցապատման հրապարակ Հարստացուցիչ ֆաբրիկա`  10հա:
Հանքի սպասարկող համալիր` 2,6 հա:
Բացահանք` 17 հա:
Շինարարության ծավալ Կառուցապատման հրապարակ մոտ 27,263 մ2 (արտադրական, սպասարկող և վարչական նշանակության շենքեր ու կառույցներ):
Ավտոճանապարհ` Ստեփանավան (քաղաքի կենտրոն) – Արմանիսի շրջան, 7.5 կմ:
Ջրատար – 8.8 կմ, ջրհորդանիչ և ջրակարգավորիչ ավազաններ:
110/35/6 կվտ բարձր լարման էլ. գիծ 3.5 կմ:

Հարստացուցիչ գործարանում հանքաքարի վերամշակումն իրականացվելու է ֆլոտացիոն եղանակով, հիմնական մետաղների` ոսկու, պղնձի, ցինկի և կապարի  կորզմամբ և տարեկան 34-37 հազ. տոննա 3 տեսակի խտանյութի արտադրությամբ:

Լաբորատորիաները հիմնականում համալրված են գերմանական Կառլ Ռոտ և Կոտտերման արտադրողների սարքավորումներով: Հարստացուցիչ գործարանում օգտագործվում են հիմնականում գերմանական և չինական արտադրության սարքավորումներ:

Տնտեսական ցուցանիշներ

Հարստացուցիչ գործարանի նախագծային հզորությունը տարեկան 800.000 տ հանքաքար է: Առաջին երեք տարիների ընթացքում բացահանքի հանքաքարի վերամշակման ծավալը կկազմի տարեկան մոտ 500.000-600.000 տ: Հետագայում` հանքը շահագործման հանձնելուց հետո, հանքաքարի վերամշակման ծավալը կաճի տարեկան մինչև 800.000տ:

Խտանյութերի արտադրության ծավալները 600 հազ. տ հանքաքար վերամշակելու հաշվարկով *

Արտադրության ծավալը
(հազ. տ)
Խտանյութում մետաղի պարունակությունը
Պղնձի խտանյութ 12-13 Մոտ 21.0%
Ցինկի խտանյութ 13-14 Մոտ 49.0%
Կապարի խտանյութ 9-10 Մոտ 46.0%
Ընդամենը խտանյութ 34-37

*Ներկայացված նախագծային տվյալները ճշգրտվելու են տեխնոլոգիայի կիրառումից հետո

Ռուդոկոպ

2010 թվականին «Սագամար» ՓԲԸ-ն ձեռք բերեց Սև և Դեղին գետերի ավազանի տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր: Արտոնագրի որոնողական տարածքը զբաղեցնում է 69.6 կմ2, որն իրենից ներկայացնում է 3-4 կմ լայնություն և 18 կմ լայնական տարածմամբ երկարություն ունեցող շերտ:

Արտոնագրի տարածքում որոնողական և արդյունահանման աշխատանքներն անցկացվում էին հին ժամանակներից: Այստեղ գտնվել և շահագործման են հանձնվել պղնձի և հոծ պիրիտի փոքր հանքավայրեր` նախատեսված ծծմբի արտադրության համար: Արտոնագրի տարածքում ոսկու հանքաերևակում նախկինում չի արձանագրվել: Հանքաերևակումը հայտնաբերվել է մեր ընկերության կողմից` 2008թ. հորատման աշխատանքների արդյունքում:

Առաջին փուլում արդյունահանվելու են ուղղակի  ալկալահանման համար պիտանի օքսիդացված հանքաքարեր:  Օքսիդացված հանքաքարերի  քանակությունը 2.188 հազ. տոննա է` Au 0.9 գ/տ (մոտ 2 տ մետաղ) միջին պարունակությամբ:

Հորատման աշխատանքներն իրականացվելու են 2011 թ.  դաշտային սեզոնի սկսվելուն պես և հետագայում` պահուստային բազայի համալրման նպատակով:

Մոլիբդենի Աշխարհ ՍՊԸ

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Համառոտ տեղեկատվություն

Գտնվելու վայրը` ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիանի շրջան:
Մասնաբաժինը` 100%:
Հանքային մարմնի ձևը` Սուլֆիդային հանքաքար:
Հանքավայրի շահագործումը` Բացահանք:
Պաշարներ` Մոտ 33 մլն տոննա Cu 0.62% և Mo 0.047% միջին պարունակությամբ:
Արտադրանք` Մոլիբդենի և պղնձի խտանյութեր:
Հանքավայրի շահագործման ժամկետը` 15 տարուց ավել:
Գործարանի հզորությունը` Տարեկան 2 մլն. տոննա հանքաքարի վերամշակում, շահագործման կհանձնվի 2015 թ. սկիզբին:
Անձնակազմի թվաքանակը` Մոտ 1000 մարդ:
Ներդրումների ընդհանուր ծավալը` Մոտ 105 մլն ԱՄՆ դոլար:

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Զանգեզուրի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորման Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Դաստակերտ քաղաքից 3 կմ դեպի հարավ, ծովի մակարդակից 2050-2500մ բարձրության վրա:

Դաստակերտը Սիսիան քաղաքի հետ կապված է 22 կմ-ոց ճանապարհով: Սիսիանի շրջանը Հանրապետության խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջաններից է, որը նախկինում հայտնի էր նաև իր հանքարդյունաբերությամբ (Դաստակերտի գործարան) և շինանյութերի արտադրությամբ:

1951-1973թթ. ժամանակահատվածում Դաստակերտի պղինձ-մոլիբդենային գործարանը աշխատում էր Դաստակերտի ստորգետնյա հանքի հիման վրա, որի ընթացքում արդյունահանվել էր մոտ 2.5 մլն տ հանքաքար (պղնձի 0.64% և մոլիբդենի 0.058% միջին պարունակությամբ): Սակայն Քաջարանի և Ագարակի հանքավայրերի շահագործումից հետո Դաստակերտի հանքավայրը 1973 թվականին կոնսերվացվեց:

«Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ին են պատկանում Դաստակերտի հանքային դաշտում (37 քառ. կմ) արդյունահանման և երկրաբանահետախուզական աշխատանքներ վարելու արտոնագրերը:

Նախնական գնահատականներով տարեկան 2 մլն տոննա հանքաքար վերամշակելու նախագծային հզորությամբ նոր հարստացուցիչ գործարանի կառուցման ներդրումները մոտ 105 մլն ԱՄՆ դոլար կկազմեն: 2011թ. սեպտեմբերի դրությամբ երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսավորումը մոտ 7.6 ԱՄՆ դոլար է կազմել:  Մեր ընկերությունը շարունակում է ներդրումներ իրականացնել հորատման և երկրաբանահետախուզական աշխատանքների մեջ` պաշարների ավելացման նպատակով:

Ընկերությունը շարունակում է երկրաբանահետախուզական աշխատանքները Սարի-Դարա տեղամասում` Դաստակերտի հանքավայրի հանքահումքային բազան համալրելու համար:

Միաժամանակ իրականացվում է Դաստակերտի տեխնիկական նախագծումն (գործարանի և բացահանքի նախագծում) ու տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստումը:

2 մլն տոննա հանքաքար տարեկան հզորությամբ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային գործարանը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թվականի սկզբին: