Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ) – Global Metals
Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)
06/11/2011 18:08

Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)

2011թ.-ի նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացավ Արմանիսի հարստացման ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «Սագամար» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Պապյանը և «Գլոբալ Մեթալզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Ղազարյանը:

Իր ելույթում Տիգրան Դավթյանը նշեց, որ Արմանիսի հարստացման ֆաբրիկայի գործարկմամբ Հայաստանում ձևավորվում է հանքարդյունաբերական նոր մշակույթ: Խոսքը վերաբերում է «Սագամար» ՓԲԸ-ում կիրառված նորագույն տեխնոլոգիաներին, սարքավորումներին և բնապահպանական նոր լուծումներին:

Արմանիսի հարստացման ֆաբրիկայում առաջին անգամ Հայաստանում կկիրառվի չոր պոչերի տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս չեզոքացնելու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

Արդյունահանվող հիմնական մետաղներն են` ոսկին, պղինձը, ցինկը և կապարը: «Սագամար» ՓԲԸ-ն արտադրելու է 3 տեսակի խտանյութ` պղնձի խտանյութ ոսկու պարունակությամբ, ցինկի և կապարի խտանյութեր, մոտ 34-37 հազար տ տարեկան քանակությամբ:

«Գլոբալ Մեթալզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Ղազարյանի ելույթը`

Մեծարգո Նախագահ,

Հարգելի հյուրեր, գործընկերներ:

Շնորհակալ ենք հրավերն ընդունելու և այս օրը մեզ հետ կիսելու համար:

Դժվար է պատկերացնել, որ 2-3 տարի առաջ այս վայրը մի ամայի տարածք էր, որ այս մեծ ֆաբրիկան կառուցվել է զրոյական կետից: Այժմ Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան ամենաարդիական ձեռնարկությունն է հանքարդյունաբերության ոլորտում` հագեցած համաշխարհային նորագույն սարքավորումներով և ամբողջ Անդրկովկասում ամենաժամանակակից լաբորատորիայով:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ կիրառվելու է չոր պոչերի տեխնոլոգիան: Առաջադեմ լուծումների կիրառմամբ մենք հնարավորություն ենք ստանում լիովին կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Նման լայնամասշտաբ ներդրումային նախագծերի իրականացումը հաջողվում է միայն արդյունավետ գործող պետության և մարդկային որակյալ ռեսուրսների առկայության դեպքում:

Մենք շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետությանը ի դեմս` նախագահ Սերժ Սարգսյանի ներդրումների խրախուսման նպատակային քաղաքականության իրականացման և հետևողական վերաբերմունքի համար:

Մենք փաստում ենք, որ չնայած դժվարություններին հայ մարդը չի կորցրել քրտնաջան աշխատելու, անընդհատ կատարելագործվելու ու մրցունակ լինելու հատկությունները:

Մենք պատրաստակամ ենք շարունակելու խոշոր և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում:

Շնորհակալություն:

«Սագամար» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Պապյանի ելույթը`

Մեծարգո Նախագահ,

Հարգարժան հյուրեր, գործընկերներ:

Բարի գալուստ Սագամար:

Ձեր թույլտվությամբ ես իմ խոսքը կցանկանայի ուղղել մեր աշխատակիցներին` մարդկանց, ում հետ ուս-ուսի անցանք այս պատասխանատու և պատվաբեր ճանապարհը: Ես հպարտ եմ, որ դուք, ձեր ուժերի ու ունակությունների, մարդկային բարձր որակների շնորհիվ կարողացաք իրականացնել մեր առջև դրված բոլոր խնդիրները:

Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկայի նման արդիական ձեռնարկության կառուցումն անհնար էր առանց որակյալ և կրթված մասնագետների: Հպարտ եմ, որ արագ սովորելու և ընկալելու որակների շնորհիվ աշխատանքները մեծամասամբ իրականացվեցին մեր տեղացի մասնագետների ուժերով:

Մեր հյուրերը հավանաբար նկատեցին, որ ֆաբրիկայի աշխատակիցների մեծամասնությունը երիտասարդներ են: Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք արդեն բավական փորձված, սակայն, միևնույն ժամանակ, անընդհատ աճող և կատարելագործվող կադրեր են: Նրանք են մեր ապագան և մեր բռնած ուղու հաջողության առաջին գրավականը:

Ֆաբրիկայի գործարկումով մեր ճանապարհը չի ավարտվում, այլ սկսվում է նոր, ոչ պակաս հետաքրքիր մի փուլ: Ես համոզված եմ, որ ապագայում ևս, նույն միասնականությամբ, աշխատասիրությամբ և նվիրվածությամբ պետք է տանք նորանոր խնդիրների լուծումներ:

Շնորհավորում եմ բոլորիս և առաջ դեպի նոր բարձրունքներ:

Շնորհակալություն: